ԱԺ նախագահը չի բացառում սահմանազատման հարցը խ...

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցը կարող է տարանջատվել խաղաղության հնարավոր պայմանագրից:

Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դիտարկել նման գործելաոճ, որովհետև դա ժամանակային առումով կարող է շատ ավելի երկար տևել, կարող է նույնիսկ տարիներ տևել: Իրական խաղաղության գնացող երկիրը որևիցե խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ»,-ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է:

Ըստ նրա՝ սահմանների սահմանազատման, սահմանագծման գործընթացը կարող է իսկապես շատ երկար տևել:

«Այո, չեմ բացառում, որ նման տարբերակը կարող է Հայաստանի համար ընդունելի լինել»,-ընդգծեց Սիմոնյանը: