Ազգային Ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Փոփոխությունների նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների անխափան ընթացքը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:
Ըստ այդմ՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),
Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,
Գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը,
ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,
ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։
Նախագահի ստորագրումից հետո Օրենքի իրավակարգավորումներն ուժի մեջ կմտնեն հրապարակման հաջորդ օրվանից:



