ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը

Հայաստանի Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ ձայներով, վավերացրեց Հռոմի ստատուտը։

Կառավարության կողմից ներկայացված Հռոմի ստատուտը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագծի քննարկմանը ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել։

Քվեարկության ժամանակ ընդդիմադիր պատգամավորները վերադարձան դահլիճ և դեմ քվեարկեցին։ 

Նախքան քվեարկությունը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջայանն ասաց. «Հռոմի ստատուտի  վերաբերյալ ՀՀԿ-ն երկու անգամ տարածել է  հայտարարություն, որոնցում  մասնավորապես ասվում է, որ դրա ինքնին քննարկումը  հակասում է  ՀՀ Սահմանադրությանը, այն որևէ օգուտ չի կարող տալ Հայաստանին, քանի որ  ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան նույնիսկ այն չեն ստորագրել։  Երրորդ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներից ոչ ՌԴ-ն, ոչ ԱՄՆ-ն, ոչ Չինաստանը չեն վավերացրել կամ ստորագրել  այդ ստատուտը։

Կրկնում եմ՝ դրա վավերացումը որևէ  օգուտ Հայաստանին բերել չի կարող,  բացի բազմաթիվ վերահաս վտանգների,  և «Պատիվ ունեմ» խմբացությունը դրան դեմ է քվեարկելու»։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց խմբակցությունն  իր տեսակետը հրապարակային ներկայացրել է. «Մենք գնահատում ենք, որ այս նախագիծը հակասահմանադրական ընթացքով է  ներկայացվում։ Ցավոք, հանձնաժողովում քննարկումները ներկայացվեցին այնպես, որ  իբրև միաձայնությամբ է  ընդունվել։ Պետք է արձանագրել, որ  միաձայնությունը վերաբերում է  բացառապես իշխանության  պատգամավորների մասնակցությանը և քվեարկությանը։ Ընդդիմությունը դեմ է արտահայտվել։

Հակասահամանադրական այս նախագծին դեմ ենք և «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկում»։