Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։
Փաստաթղթի վավերացմանը կողմ քվեարկեց 55 պատգամավոր, 24-ը ձեռնպահ մնաց, դեմ քվեարկողներ չեղան։
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին և նախատեսում է սահմանել Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին՝ բացառելով յուրաքանչյուր առաքելության համար առանձին ընթացակարգեր իրականացնելու անհրաժեշտությունը։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշել է, որ փաստաթուղթը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել ԵՄ փորձը և գիտելիքները ճգնաժամերի կառավարման ոլորտում։
Կոստանյանի խոսքով՝ Հայաստան–ԵՄ հարաբերություններում անվտանգային ու պաշտպանական համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է։
Կոստանյանը նաև նշել է, որ Հայաստանը ցանկանում է ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլև մասնակցություն ունենալ Եվրամիության անվտանգային միջոցառումներին։



