ԱԺ-ն քննարկել է ՍԴ դատավորի ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Դավիթ Բալայանի ընտրության հարցը։ 

ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը:

Ելույթի սկզբում Դավիթ Բալայանը կարևորել է իր հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ և եզրափակիչ ելույթում նշել է. «Դուք՝ որպես պատգամավորներ, քվեարկում եք այս կամ այն օրենքն ընդունելու կամ մերժելու կապակցությամբ, հնարավոր է, որ դուք ունենաք ընկերներ, բարեկամներ, ովքեր ձեզ խնդրեն, որ որևէ դիրքորոշում արտահայտեք իրենց հաճո օրենքն ընդունելու կապակցությամբ, նույնը վերաբերում է նաև դատավորին։ Հնարավոր է, որ ձեր ու ձեզ դիմած անձի դիրքորոշումը համընկնի ու դուք քվեարկեք ձեր ընկերոջ խնդրանքով, բայց պատգամավորը, դատավորը որևէ որոշում կայացնելիս պետք է առաջնորդվի օրենքով, իր խղճով ու համոզմունքով, ոչ թե հաշվի նստի այն հանգամանքի հետ, որ իր ընկերը խնդրել է առաջնորդվել ինչ-որ այլ շահերով»։