ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քն...

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Վլադիմիր Վարդանյանի հեղինակած օրենքի նախագծի քվեարկությունն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ շահագրգիռ քննարկումներ են եղել նախագծի առնչությամբ, այն լրամշակվել է, սակայն դեռևս կան որոշ հարցեր, որոնց վերաբերյալ վերջնական դիրքորոշում չկա:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ Կառավարությունն առաջարկ է ներկայացրել, որն իրենց համար ընդունելի է: Այդ առաջարկն ընդունելու դեպքում, սակայն, այլ հոդվածներում փոփոխության կարիք կլինի:

Երկրորդ ընթերցմամբ են քննարկվել նաև «ՀՀ քաղաքացիության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն ստացվել: Կառավարությունը մի շարք տեխնիկական առաջարկներ է ներկայացրել: Օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2026 թվականի հունվարի մեկը:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: