ԱԺ կայքում տեղադրվել է ՀԷՑ-ի պետականացման նախ...

Ազգային ժողովի կայքում տեղադրվել է ՀԷՑ–ի պետականացման նախագիծը։

Օրենսդրական այս փոփոխությունների մեջ ուղիղ տեքստով չի հիշատակվում ՀԷՑ–ի մասին։ ՔՊ–ն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի 9–ր կետում։

«Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաղորդումը ստանալուց հետո 5–օրյա ժամկետում հարուցվում է վարչական վարույթ»,– ասված է օրենսդրական փոփոխությունների փաթեթի մեջ:

«Էներգետիկայի մասին» օրենքում էլ ՔՊ–ն առաջարկում է նոր հոդված՝ կանխարգելիչ միջոցների մասին։ Մասնավորապես ՀԾԿՀ–ն կարող է սահմանել առերևույթ խախտումների վերացման կամ դրանց հետևանքների վերացման ծրագիր, նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ:

Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն և էներգետիկայի բնագավառում կամ կառավարման առնվազն հինգ տարվա փորձ ունեցող կամ գործունեություն իրականացնող անձը: Իսկ ՀԷՑ–ի բաժնետոմսերի ազատ վաճառքի հարցը ՔՊ–ն մտածում է կարգավորել «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությամբ, որով լիցենզիա ունեցող ընկերության 25 և ավելի տոկոս բաժնեմասի ու գույքի օտարման՝ այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում կառավարությունը նախապատվության իրավունք ունի։

Հիշեցնենք, որ նախագիծն Աժ–ում քննարկվելու է հուլիսի 1–ին արտահերթ նիստով։ Նախագծի հիմնական զեկուցողը Վլադիմիր Վարդանյանն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը չէր բացառել, որ ՀԷՑ–ի պետականացումից հետո այն տրվի մասնավորի։