ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները ԱԺ-ում էին։ Ինչպես տեղեկացրել է անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, նրանք անցած տարվա դեկտեմբերի 25-ին նամակով դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ պահանջելով հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ «Այդ զեկույցը հանրությանը հետաքրքրող թեմա է և դիմում ենք ներկայացրել, որ հանրայնացնեն զեկույցը, ոչ թե՝ արխիվացնեն։

Ես իրավունք ունեմ իմանալու՝ ում կատարած ոչ ճիշտ մարտը ղեկավարելու արդյունքում է իմ եղբայրը զոհվել, եղբորս որդին անհետ կորել, ինչ որ մեղավորներ կան, չէ՞։ Դիմումին դեռ պատասխան չի տրվել, հունվարի 30-ին զանգահարել եմ, ասել են, որ նման դիմում կա, բայց չեն ասել՝ երբ կպատասխանեն, հիմա եկել ենք այստեղ՝ պատասխանի հետևից»,- նշել է Ղուկասյանը:

Նշենք, որ ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նրանց չեն ընդունել ԱԺ-ում, նրանք որոշել են շարժվել դեպի նախագահի նստավայր և այնտեղ ակցիան շարունակել։