ԱԺ հանձնաժողովում մի շարք օրենքների նախագծեր...

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր:

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում  և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը: Նրա խոսքով օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած  ժամանակահատվածում բովանդակային փոփոխություններ չեն եղել:

Առաջարկվում է մի խումբ պաշտոնատար անձանց նշանակման և առաջխաղացման գործընթացում նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի հրապարակային դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) տրամադրած բարեվարքության վերաբերյալ թե՛ բացասական, թե՛ դրական եզրակացության միայն եզրափակիչ մասը՝ թեկնածուին պաշտոնի նշանակելուց, այդ թվում՝ առաջխաղացման կարգով նշանակելուց հետո:

Օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:

Փոխնախարարն ընդգծել է, որ հանձնաժողովում քննարկումների արդյունքում Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ: Ըստ այդմ՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ներգրավվում են նաև Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորներ, ուստի Կառավարությունն առաջարկում է կարգավորումից հանել «Առաջին ատյանի դատարաններից» բառերը, որպեսզի կարգավորումը վերաբերելի լինի բոլոր ատյանների դատարանների դատավորներին:

Առաջարկվել է նաև, որպեսզի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները նույնպես պարտավոր լինեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել իրենց պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու և տարեկան գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը:

Օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:  
 
Հաջորդիվ քննարկվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Նշվել է, որ նախաձեռնության  ընդունման դեպքում ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներ, վճռաբեկ բողոքները վերադարձնելու հարցը դատական կազմի մեկ դատավորի կազմով լուծելով՝ նպաստել կոլեգիալության նպատակների ճիշտ երաշխավորմանը:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում հնարավոր կլինի թեթևացնել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ փոքր արժեք ունեցող գործերով բողոքարկումների համար բողոքարկման սահմանափակման նախատեսման միջոցով:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել և հստակեցվել է:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին եւ  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը խմբագրական փոփոխություններով  լրամշակվել է:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենսդրական նախաձեռնություններին: