Ուղիղ երկու տարի լրացավ այն ժամանակվանից, երբ սեփական ժողովրդի արդար ցասումից սարսափած իշխանությունները չտեսնված ու չլսված անվտանգության միջոցառումներ ձեռնարկեցին սեփական անվտանգությունն ապահովելու համար։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «հոդս էին ցնդել»։ Մի քանի շաբաթ անց միայն նրանք կարողացան վերադառնալ իրենց տներ ու աշխատավայրեր։
Այդ օրերին մամուլը գրում էր, որ Փաշինյանի ու իր ընտանիքի անվտանգությունն ապահվելու համար անգամ ՀՕՊ համակարգեր են գործի դրել, կառավարական ամառանոցների տարածքում։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի առանցքային պաշտոնյաները շրջում են տասնյակ զինված թիկանպահների ուղեկցությամբ։
Օրերս հայտնի դարձավ, որ Ազգային Ժողովի պարսիպներն են բարձրացվում և փշալարապատվում, ավելին փշալարերով, ըստ «Հրապարակ» օրաթերթի նաև էլեկտրական հոսանք են անցկացնելու։Խոսակցություններ կան, որ ինչպես 2020 թվականի նոյեմբերին, այնպես էլ հիմա կառավարական ամառանոցի և Ազգային Ժողովի տարածքը պաշտպանվում է ՀՕՊ համակարգերով։ Իշխանությունները ըստ էության վախենում են ոչ միայն սեփական ժողովրդից, այլև ինչ որ ուժերից, որոնք կարող են նաև օդային ճանապարհով հասնել իրենց։
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը սկզբում Politik.am-ի լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք բանակի ՀՕՊ-ը պաշտպանում է ԱԺ-ն և կառավարական ամառանոցը ասաց, որ հարցումը գրավոր ուղարկենք, սակայն տաս րոպե անց ինքը հետ զանգահարեց և հայտարարեց, որ հերքում է եղած տեղակատվությունը։
Հ․Գ․ Իշխանություններն իհարկե կարող են ամեն բան էլ հերքել, բայց այս ընթացքում մենք հասցրել ենք տեսնել հարյուրավոր տեղեկությունների վերաբերյալ հերքումներ, որոնք վերջում հաստատվել են, իսկ իշխանությունը չի էլ ամաչել ստի ու կեղծիքի համար։ Վկան 44-օրյա պատերազմի «Հաղթելու ենք»-ներն են։