Ազգային անվտանգության հարց է. ինչու է փակ հան...

Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովում անհրաժեշտ է անցկացնել փակ քննարկում այն խնդիրների շուրջ, որոնք կարող են թաքնված լինել Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կայացված դատավճիռներում։ Այս մասին սեպտեմբերի 11-ին վերոնշյալ հանձնաժողովի նիստում հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, կոչ է արել քննարկումներին հրավիրել Ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության և Արտաքին հետախուզության ծառայության ներկայացուցիչներին։

«Եկեք անցկացնենք փակ աշխատանքային հանդիպում, որպեսզի քննարկենք մեր մտահոգությունները և հասկանանք, թե ինչ քայլեր են ձեռնարկվում երկրի անվտանգությունն ապահովելու և Հայաստանի նկատմամբ առկա սպառնալիքները վերացնելու համար», - ասել է Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է, որ քննարկումների թեման ռազմագերիների ճակատագիրը չէ, այլ Դավիթ Մանուկյանի և Դավիթ Իշխանյանի ուղերձներում նշված լուրջ մտահոգությունները։ Մասնավորապես, որ դատավճիռներում սպառնալիքներ կան անմիջականորեն հենց Հայաստանի նկատմամբ։

Իր հերթին, մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտնել է, որ այս հարցը կարելի է քննարկել հանձնաժողովում։