Ազատությունից զրկված քաղաքացու բժշկական օգնու...

Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկված իր ազգականը միջանձնային կոնֆլիկտի հետևանքով ստացել է կոտրվածք։ Դիմողը նշել է, որ քաղաքացուն ցուցված է եղել վիրահատական միջամտություն, որը, սակայն, դեռևս չի կազմակերպվել, և խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ նրա իրավունքների պաշտպանության հարցում։

Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին զանգահարել է նաև ազատությունից զրկված քաղաքացին։

Բարձրացված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ անհապաղ կապ է հաստատվել ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանի աշխատակազմի կողմից ընդգծվել է ազատությունից զրկված անձի առողջության պահպանման և անհրաժեշտ բժշկական օգնության ժամանակին ու պատշաճ կազմակերպման ապահովման կարևորությունը։

Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, և հաջորդ օրը տեղեկացվել է, որ ազատությունից զրկված քաղաքացու վիրահատական միջամտությունը կազմակերպվել և իրականացվել է։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահել ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքի արդյունավետ իրացման հարցերը։