Ազատման դիմում է գրել նաև ավտոմաքսատան պետը․...

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հարցրին, թե արդյո՞ք իրավաչափ էր վարչապետի կողմից աշխատակցին ազատելը և վերադասը ստորագրե՞լ է նրա ազատման դիմումը։ Անանյանին հարցերը զարմացրին.«Դա՞ է ձեզ հետաքրքրում։ Ես ավելի հետաքրքիր հարցեր էի սպասում»։

ՊԵԿ ղեկավարը պատասխանը սկսեց նախաբանով.«Ապրիլի 9-ին առավոտյան 09։15-ից մինչև 13։00-ն վարչապետը եղել է ՊԵԿ-ում։ Այցելությունը սկսվել է Արարատյան մաքսատան ավտոմաքսատնից, որից հետո եղել ենք ՊԵԿ տարբեր ծառայություններում։ Ամբողջ այցելության արդյունքներով վարչապետն իր տեսակետն է հայտնել։ Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով առերևույթ սենսացիա է»։

Անանյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե դա մարդկային ճակատագրի հարց է.«Այն, ինչը վարչապետը տեսավ և իր դուրը չեկավ և հորդորներ ասաց, կոչին և հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է իր դիմումով և ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլև ավտոմաքսատան պետը, որը նույնպես ազատման դիմում է գրել»։