Հունիսի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ մասնակցել է հաստատությունում գործող մշակութային ինքնագործ միավորման դատապարտյալների նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպված հանդիպում-քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հանդիպմանը մասնակցել են նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը, ինչպես նաև քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ։
Պաշտպանը կարևորել է դատապարտյալների նախաձեռնողականությունը և հատկապես ողջունել մշակութային ինքնագործ միավորման կողմից մարդու իրավունքների թեմայով քննարկում կազմակերպելու այս նախաձեռնությունը՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ մարդու իրավունքների արժեքների տարածման և իրավագիտակցության բարձրացման տեսանկյունից։
Անդրադառնալով ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ հասարակությունում դեռևս առկա են կարծրատիպային մոտեցումներ ազատազրկման միջավայրում գտնվող անձանց և նրանց իրավունքների առնչությամբ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել։
«Անձամբ շատ եմ այցելում ազատազրկման վայրեր և բավականին հաճախ հրապարակային խոսում եմ այս ոլորտի խնդիրների մասին։ Կարևոր է, որ ոլորտին մոտենանք ոչ թե մեղադրողական, այլ ազատությունից զրկված անձանց իրավունքները պահպանելու կարևորությունը գիտակցելու տրամաբանությամբ»,- նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը կարևորել է վերասոցիալականացման գործընթացի դերը՝ նշելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա հաղթահարելու և ուղղելու սխալները և իրավունքահեն տրամաբանությամբ շարունակելու իր ճանապարհը։
Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է, որ ոլորտում առկա խնդիրները շարունակելու են արձանագրվել և բարձրաձայնվել բոլոր անհրաժեշտ հարթակներում։
«Սկզբունքային է մեր դիրքորոշումը, որ խնդիրները շարունակելու ենք արձանագրել, և դրանց մասին խոսել տարբեր ձևաչափերի համատեքստում»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը։
Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները դասընթաց են վարել մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունների, լիազորությունների, մանդատի, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների առնչությամբ։
Քննարկումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով։ Դատապարտյալները բարձրացրել են իրենց հետաքրքրող և մտահոգող հարցերը, որոնք վերաբերել են վերասոցիալականացման ծրագրերին, պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգերին, ներման ինստիտուտին, ինչպես նաև իրավունքների իրացմանն առնչվող այլ հարցերի։
Հանդիպումն անցել է բաց և անմիջական մթնոլորտում՝ հնարավորություն տալով դատապարտյալներին բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները, ներկայացնելու առաջարկություններ և ստանալու համապատասխան պարզաբանումներ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը` ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու տեսանկյունից։



