Ազատ արձակված պրոպաղեստինյան ակտիվիստները հայ...

Ակտիվիստները, որոնք Գազա օգնություն հասցնելու փորձ կատարող նավատորմի տախտակամածից բերման ենթարկվելուց հետո ազատ են արձակվել Իսրայելում կալանքից, ենթարկվել են դաժան վերաբերմունքի, հաղորդում է Reuters-ը։

Մի քանի մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է, և առնվազն 15-ը հայտնել են սեռական ոտնձգությունների, ներառյալ՝ բռնաբարությունների մասին։

Գերմանիան հայտարարել է, որ իր քաղաքացիներից ոմանք վիրավորվել են, և որ որոշ մեղադրանքներ եղել են լուրջ՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։

Իտալիայի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ դատախազությունը հետաքննում է հնարավոր հանցագործությունները, ներառյալ՝ մարդկանց առևանգումը և սեռական բռնությունը։

«Սեռական բռնության առնվազն 15 դեպք, ներառյալ՝ բռնաբարություններ։ Մոտ տարածությունից կրակել են ռետինե գնդակներով։ Տասնյակ մարդիկ ունեն ոսկրային կոտրվածքներ,- թելեգրամյան ալիքում հայտնել են «Սումուդ» գլոբալ նավատորմի կազմակերպիչները։- Այն նույն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է մեր մասնակիցների տառապանքներին, մենք չենք կարող չընդգծել, որ դա ընդամենը մի չնչին ակնարկ է այն դաժանության մասին, որով Իսրայելն ամեն օր վերաբերվում է պաղեստինցի պատանդներին»։

«Հնչեցված մեղադրանքները կեղծ են և ամբողջովին զուրկ փաստացի հիմքերից,- ասված է Իսրայելի բանտային ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ։- Բոլոր կալանավորվածներն ու ձերբակալվածները պահվում են օրենքին համապատասխան, նրանց հիմնարար իրավունքների լիարժեք հարգմամբ և բանտային պրոֆեսիոնալ ու վերապատրաստված անձնակազմի հսկողության ներքո։ Բժշկական օգնությունը ցուցաբերվում է պրոֆեսիոնալ բժշկական եզրակացության և ըստ Առողջապահության նախարարության ուղեցույցների»։

Իսրայելական զինվորականները հարցումներն ուղղել են ԱԳՆ-ին, որն էլ դրանք փոխանցել է քրեակատարողական ծառայությանը։ Երեքշաբթի իսրայելական զինվորականները միջազգային ջրերում բերման են ենթարկել 50 նավերի վրա գտնվող 430 մարդու՝ Գազայի հատված հումանիտար օգնություն հասցնել փորձող կամավորների նավատորմը կանգնեցնելու համար։