Այժմ համաձայնեցնում ենք Թրամփի ուղու իրավական...

«2025 թվականի մարտի վերջին մենք կարողացանք Ադրբեջանի հետ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները, այդ մասին հայտարարեցինք և մի քանի ամիս անց ընդունեցինք համատեղ հռչակագիր, որը ստորագրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»։

Այս մասին Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ռազմավարական ներդրումային ծրագրի՝ Թրամփի ուղու, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացի մասին մանրամասներ:

«Նա դա ստորագրեց որպես վկա, և հաստատվեց խաղաղություն։ Ինչ խոսք, մենք շարունակում ենք աշխատանքը ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ, և ներկայում խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղու կայացումն ընթացքի մեջ է։

Դա ներդրումային նախագիծ է Հայաստանի տարածքում, և այն ներառելու է երկաթուղի Հայաստանի տարածքով, որը կկապակցի արևելքը և արևմուտքը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և կբացի երկաթուղային կապը Հայաստանի համար դեպի հարավ:

Ինչ խոսք, այն նաև նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական Միության համար, քանի որ գիտեք, աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով այժմ մենք մատակարարման շղթաների ճգնաժամ ունենք աշխարհում, և Թրամփի ուղին, որը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շատ կարևոր մաս է, նոր ճանապարհ, նոր մատակարարման ուղի կստեղծի արևելքից արևմուտք, Եվրոպական Միությունից դեպի Կենտրոնական Ասիա, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպական Միություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ այժմ Հայաստանը համաձայնեցնում է Թրամփի ուղու իրավական շրջանակն ԱՄՆ-ի հետ։