
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է եռակողմ հայտարարության խախտմամբ ադրբեջանցիների մոտ գտնվող հայ ռազմագերիների եւ պատանդների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը։ Հանդիպումը կայացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի ծառայությունից, առանձին զրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթների կատարումը, ինչպես նաեւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունն ու ընթացիկ իրադարձությունները: Այս համատեքստում նախարար Այվազյանն ընդգծել է եռակողմ հայտարարությամբ նախատեսված պարտավորությունների խախտմամբ ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների եւ պատանդների անհապաղ վերադարձնելու անհրաժեշտությունը:
Այվազյանը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական հուշարձանների դեմ կանխամտածված հարձակումների կապակցությամբ` ընդգծելով տարբեր գործոններով այդ ժառանգության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ձեռնարկման հրատապությունը:
Արտաքին գործերի նախարարները մանրամասն քննարկել են հայ-ռուսական դաշնակցային համագործակցության երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, բարձր մակարդակի շփումների առաջիկա ժամանակացույցը: Կողմերը մտքեր են փոխանակել բազմակողմ ձեւաչափով փոխգործակցության վերաբերյալ: