
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին ու ապաշրջափակման շուրջ ընթացող բանակցություններին։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում Միրզոյանը կարևորեց Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ դրանք որակելով որպես կարևորագույն իրադարձություններ։ Միրզոյանը նշեց, որ խաղաղության հաստատումը երկարատև գործընթաց է և պահանջում է խնամք, զգուշություն և հետևողականություն։
«Այսօր մենք Ադրբեջանի հետ աշխատում ենք ապաշրջափակման ուղղությամբ, սահմանազատման գործընթացում կարող է նորություններ լինեն»,– ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ քննարկումները շարունակվում են նաև ամերիկյան գործընկերների հետ, մասնավորապես՝ երկաթուղային և այլ ենթակառուցվածքային համատեղ նախագծերի շուրջ։
ԱԳ նախարարն ընդգծեց, որ առաջնային է մնում հումանիտար հարցերի լուծումը՝ գերիների և պատանդառված անձանց ազատ արձակումը, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը։
Նրա խոսքով՝ թեև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էլ խնդիրները կշարունակեն մնալ, էսկալացիայի և թեժ հակամարտության ռիսկերը այս պահին նվազագույնի են հասցված։