«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Այսօր հանդիպել եմ ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։
Քննարկման թեման տարածաշրջանային զարգացումներն ու անվտանգային հարցերն էին, հատկապես՝ Արցախի շրջափակումն ու խորացող հումանիտար ճգնաժամը։
Իմ ունեցած տեղեկություններով՝ Արցախում առաջին անհրաժեշտության սննդամթերքի ու դեղորայքի սուր դեֆիցիտ կա և եթե այսպես մի քանի օր էլ շարունակվի, ապա մենք լրջագույն խնդիրներ կունենանք։ Տիկին դեսպանը ևս տեղեկացված էր այս մասին և նշեց, որ Ֆրանսիան իր հնարավորությունների սահմաններում փորձում է խնդրին լուծում տալ։
Արևմուտքը և մասնավորապես բարեկամ Ֆրանսիան չունեն գործիքակազմ «գետնի վրա» խնդիրները լուծելու համար, սական անհրաժեշտ է բավարար ջանքեր ներդնել Բերձորի միջանցքի ապաշրջափակման հարցով Հաագայի Միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչելու համար։ Տվյալ դեպքում կիրառելի կարող է լինել Ադրբեջանի դեմ պատժամիչոցների կիրառումը, ինչից Արևմուտքը, հայտնի պատճառներից ելնելով, խուսափում է։ Այստեղ է, որ արժեքներն իրենց տեղը զիջում են շահերին, ինչը մեր ժողովրդին պետք է ստիպի պատրանքներով չապրել, այլ ապավինել սեփական ուժերին։
Տիկին դեսպանի հետ մեր զրույցն անցավ բաց ու անկեղծ մթնոլորտում։ Չշրջանցվեցին նաև սուր թեմաները, ինչը օգտակար դարձրեց քննարկումը»։