Այսօր դիմել ենք ՀՀ-ում հավատարմագրված դեսպանն...

Հարգելի գործընկերներ,

Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի իրավունքների կոպիտ խախտման փաստը, ձերբակալման ոչ իրավաչափ ձևը և այս պահին ընտրված խափանման միջոցի անհամաչափությունը, այսօր դիմել ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր այն երկրների դեսպաններին, որոնց պետությունները վավերացրել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան:

Մեր ակնկալիքն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի նկատմամբ տեղի ունեցող իրադարձություններին, որոնք՝

• չունեն որևէ իրավական հիմնավորում,
• ուղղված են հասարակությունում վախի մթնոլորտի ստեղծմանը,
• նպատակ ունեն խոչընդոտել փաստաբաններին՝ ազատորեն իրականացնելու իրենց մասնագիտական պարտականությունները։

Փաստաբանական համայնքը որպես իրավական պետության անկյունաքար պետք է զերծ մնա քաղաքական ճնշումներից և հալածանքից: Կոչ ենք արել դեսպաններին բարձրացնել իրենց ձայնը և ուշադրության կենտրոնում պահել տեղի ունեցող իրադարձությունները:

Մենք շարունակելու ենք պայքարել մեր գործընկերոջ իրավունքների համար՝ օգտագործելով օրինական բոլոր միջոցները:

Աբգար Պողոսյան
Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան