Ուղիղ 1 տարի առաջ այս օրը մենք կրկին իրար հետ էինք, սակայն փշալարերի տարբեր կողմերում, ես այդ օրը նշանային եմ համարում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների մեջ, ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ բուն գործընթացի ընթացքում, ըստ էության, տեղի ունեցավ հակասության մի շատ արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ և ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանավոր համարում այդ օրը և կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների նոր բովանդակության սկիզբն է՝ այն առումով, որ ՀՀ ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն:
Ոստիկանությունն իրավապահ, ուժային մարմին է և աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում նույնիսկ երբեմն, ցավոք սրտի, ոստիկանությունը ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների: Բայց կարևոր է ընդգծել, որ ոստիկանության գործողությունները չպետք է առաջացնեն ատելություն և դրանք չպետք է արտահայտեն նման դրսևորում: Կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք հենց դա համարել, երբ ատելությունը՝ որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության և հասարակության հարաբերություններից, ընդհանրապես դուրս է եկել իշխանության և հասարակության հարաբերություններից»,- ասել է վարչապետը։
Նա հույս է հայտնել, որ նոր Հայաստանում, ոստիկանությունն իսկապես նոր բովանդակություն, կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսևորվի, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, քաղաքական որևէ թիմի կամ որևէ անձի ծառայելը:
«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ծառայի Սահմանադրությանը, օրենքին և ժողովրդին: Ես համոզված եմ, տեսնում եմ, որ այսօր ամեն ինչ հենց այդպես էլ տեղի է ունենում: Այսօր ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց մենք միանշանակ գնում ենք ճիշտ ճանապարհով, մենք գնում ենք վստահ այդ ճանապարհով, մենք այդ ճանապարհը շարունակելու ենք և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ձգտումը պետք է լինի հասնել կատարելության: Իհարկե, դժվար է ասել՝ այդ նպատակին երբևէ որևէ մեկը հասել է, թե ոչ, բայց այդ ճանապարհով առաջ գնալն արդեն մեծագույն առաքելություն է և հաջողություն:
Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհավորել այսօրվա կապակցությամբ: Ուզում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել ծառայության համար, ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել և շնորհավորել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր այսօր հերթապահություն են իրականացնում, մարտական հերթապահություն են իրականացնում և պահպանում, պաշտպանում Հայաստանի Հանրապետության սահմանները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։



