Այս տեմպերով եթե շարունակենք հավաքագրել հարկե...

28.02.2025 թվականի դրությամբ, 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների համար պլանավորված 10 միլիարդ 431 միլիոն 201,200 դրամ սեփական եկամուտներից, փաստացի հավաքագրվել է 10 միլիարդ 441 միլիոն 621,300 դրամ, կատարողականը՝ 100.1%։  Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհդակցության ժամանակ ասաց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը:

«Գրեթե բոլոր վարչական շրջաններն իրենց պլանային առաջադրանքները կատարել են, միաժամանակ հայտնում եմ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 2.3 միլիարդ դրամ»,- ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ համենայն դեպս այս երկու ամիսների համար գոհացուցիչ ցուցանիշ է, այնուամենայնիվ հաշվի առնելով, որ որոշակի դանդաղում ունենք շինարարական բլոկի հետ կապված, կարծում եմ նաև պետք է մաքսիմալ ուշադրություն դարձնենք բոլոր հնարավոր այն կետերում, որտեղ որ հնարավորություն ունենք ավել հավաքագրելու:

«Ակնհայտորեն դիմումների քանակը որոշակի մտահոգության տեղիք տալիս է, բայց այնուամենայնիվ կարծում եմ, ընդհանուր առմամբ, այս տեմպով եթե շարունակենք, ոնց որ թե խնդիրները կլուծենք մեր հիմնական»,- ասաց նա