Այս քաղաքական արշավն այլևս ոչ մի կապ չունի իր...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ելույթը․

«Վերջին  շրջանի  իրադարձությունները, որոնք  վերաբերում  են  ապօրինի ձեռբակալություններին, շինծու  քրեական  գործերին, ընդդիմադիր  պատգամավորների անձեռնմխելիությունից  զրկելուն, վկայում  են  ոչ  թե  արդարադատության  կայացման, այլ քաղաքական  հաշվեհարդարի  համակարգված  գործընթացի  մասին։

Մենք  ականատես  ենք լինում, թե  ինչպես  է  իշխանությունը՝  իրավապահ  համակարգի  միջոցով, փորձում  վերացնել ցանկացած  քաղաքական  հակակշիռ։

Այս գործընթացը  ոչ  թե  իրավական  է, այլ  բացահայտ  քաղաքական՝ ուղղված  ընդդիմադիր դաշտի  լռեցմանն  ու  վախի  մթնոլորտ  ստեղծելուն։ Անձեռնմխելիությունից  զրկելու  այս քաղաքական  արշավն  այլևս  ոչ  մի  կապ  չունի  իրավական  գործընթացի  հետ։ Սա  ուղիղ  և բացահայտ  ոտնձգություն  է  Ազգային  ժողովի՝ որպես  անկախ օրենսդիր  մարմնի  նկատմամբ։

Ի՞նչ  է  նշանակում  պատգամավորի  անձեռնմխելիություն։  Դա  հարմարավետություն  չէ։  Դա  ոչ էլ  անձնական  ապահովագրություն  է։

Դա  իշխանության  ճյուղերի  տարանջատման  հիմնարար երաշխիքներից  մեկն  է, որը  նախատեսված  է  հենց  այնպիսի  հակաօրինական  իրավիճակների համար, երբ  գործադիր  իշխանությունը  փորձում  է  ամեն  գնով  ճնշել  ընդդիմախոսներին՝ իբր օրենքի  լեզվով  խոսելու  պատրվակով։

Եթե  գործող  իշխանությունը  կարծում  է, որ  քաղաքական  պայքարը պետք  է  լուծել  քրեական գործերի  միջոցով, ապա  ասեմ  ուղիղ՝  դուք  պարտվել  եք։ Ոչ  թե  ընդդիմությանը, այլ՝ ժողովրդին։ Որովհետև  ժողովուրդն  ակնկալում  է  քաղաքական  պատասխանատու կառավարում, ոչ  թե  քաղաքական  հաշվեհարդար՝ տարբեր  ձևերով  փաթեթավորված։

Ուզո՞ւմ  եք  վերացնել  այլախոհությունը։

Ասե՛ք  ուղիղ։ Մի  թաքնվեք  արդարադատության  պատրվակի  տակ։

Մի  ներկայացրեք  քաղաքական  հաշվեհարդարը՝ որպես  օրենքի  կիրառում։

Դա  ստախոսություն  է։

Մենք  չենք  ընկրկելու։

Մենք  այստեղ  ենք  ունենալով  ժողովրդի  վստահությունը, այլ  ոչ  թե  գործող իշխանության թույլտվությամբ  կամ  քմահաճույքով։

Մենք  երբեք  չենք  խուսափել  պատասխանատվությունից, բայց  չենք  էլ  թույլ  տալու  ու ընդունելու  անօրինական  և քաղաքականապես  ուղղորդված  գործընթացներ, որոնք քողարկվում  են  իբր  օրինականությամբ։

Եվ  մի  բան  հստակ  թող  լինի՝

Որևէ  անձեռնմխելիությունից  զրկում  կամ  շինծու  քրեական  հետապնդում  չի  կարող  լռեցնել ճշմարտությունը»։