Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ...

«Լիդիան Արմենիան» հանքը շահագործելու բոլոր թույլտվություններն ունի: Մասնավորապես ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) թույլտվության մասով Ամուլսարը, եթե չեմ սխալվում, երկու փորձաքննություն է անցել՝ 2014 և 2016 թվականներին: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Ամուլսարն ունի թույլտվություններ՝ հանքը շահագործելու, և այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ այս գործընթացը որևէ ձևով կասեցնելու»,- հայտարարեց նախարարը և հավելեց՝ դա քննությունն է ասում:

Ինչ վերաբերում է հանքը շահագործելու ռիսկերին, ապա, ըստ Սիմիդյանի, ընդերքօգտագործման դեպքում բնության համար միշտ ռիսկեր գոյանում են: Բայց ժամանակակից աշխարհում ժամանակակից գործիքներ ու նոր տեխնոլոգիաներ կան, որոնք որևէ գործունեության պարագայում կարող են օգնել, որպեսզի նվազեցվի կամ չեզոքացվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:

«Եթե մենք որևէ գործունեության տեսակ, որը համարում ենք, որ բնությանը կարող է վնաս հասցնել, ազդեցության գնահատման փորձաքննություն ենք իրականացնում, և, ըստ էության, եթե գործունեության տեսակը, վայրը և մնացած պայմանները թույլատրելի են, գործունեության ընթացքում պայմաններ ենք ներկայացնում, այդ թվում՝ ասում ենք՝ հարկ կվճարես, որ սուբվենցիա անենք, որպեսզի նվազեցնենք ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա»,- ասաց նախարարը և հավելեց, որ այս քաղաքականությունը գործելու է նաև Ամուլսարի պարագայում: