
Չի կարելի այսքան անլրջացնել իրավական գործընթացները։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, ԲագրատՍրբազանի կեցավայրի մոտ, որտեղ իրավապահները խուզարկություն են իրականացնում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։
«Սա, ժողովրդական լեզվով ասած, խուժանություն է։ Այն, ինչ կատարվում է, իրավական գործընթացի հետ որևէ կապ չունի։ Իրենք իրենց տանը նկարել են ինչ-որ փաստաթուղթ, անունը կոչել են «հեղաշրջման պլան»։
Ինձ մոտ տպավորություն էր, որ իրենք 2018–ի իրենց գործողությունների պլանը նորից վերարտադրել են թղթի վրա և պարզապես այս անգամ վերագրում են ուրիշներին։ Բայց եթե որպես իրավաբան գնահատական տամ, այդ «պլանում» չկա որևէ գործողություն, որ կարելի է որակել որպես հակաիրավական»,-ասաց Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած կուսակցություն կարող է այսպիսի գործողությունների պլան մշակել իր համար և գնալ հեղափոխություն անելու ճանապարհով։
«Դրանք ոչ հակաիրավական գործողություններ են, որոնց արդյունքում հնարավոր է կամ հնարավոր չէ հասնել արդյունքի։ Բայց ասել, որ այդ գործողությունները հակաիրավական են եւ դրա հետեւանքով պետք է այսպիսի խուզարկությունների ու ձերբակալությունների ալիք սկսել, նշանակում է՝ ընդհանրապես այս մարդիկ իրավական համակարգը կազմալուծում են։ Այս ամբողջ գործընթացը բացի քաղաքական հետապնդումից բացի որեւէ այլ կերպ որակել չի կարելի»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։