Փոխնախագահ Վենսի հետ այսօր քիչ առաջ ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հայտարարության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմանը։
Իմ երախտագիտությունն եմ հայտնել նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած երկարամյա աջակցության համար և պատրաստակամություն եմ հայտնել էլ ավելի զարգացնելու ոլորտային համագործակցությունը երկու երկրների համար կարևորագույն ուղղություններով»,–ասաց նա։



