Այս գործելակերպի արդյունքում ՔՊ-ն՝ որպես քաղա...

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանի կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը  բնույթով ու համակարգային կառուցվածքով մնաց հերթականը՝ օդում թողնելով շատ համակարգային հարցերի պատասխաններ:

«Համաժողովը նրա համար է, որպեսզի համակարգեն արածը, ընդհանրացնեն և զարգացման հետագա ուղենիշները գծեն: Այս եզրահանգմանը եկել ենք նրանց ոչ միայն վերջին մեկ տարվա գործունեության ուսումնասիրման արդյունքում, այլև համաժողովում այդ ուղենիշների ամրագրումից: Ի վերջո, իշխող քաղաքական ուժը ցույց տվեց, որ իր համար ավելի առաջնային է համարում սեփական քաղաքական թիմի ամրապնդումը: Հետագա զարգացման առարկայական ուղենիշները չկային»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» ղեկավարը:

Անդրանիկ Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտքի վրա, որ իրենց ուժը քաղաքացիական կուսակցություն է. «Քաղաքագիտական գրականության մեջ նման բան չի նախատեսվում: Աշխարհում շատ կան մասսայական կուսակցություններ, որոնք հիմնականում մարդկային հոծ զանգվածների համախմբում են իրենցից ներկայացնում, բայց դրանցից որևէ մեկը երբեք իրեն թույլ չի տվել իր կուսակցությունն անավանել քաղաքացիական, որովհետև քաղաքացիական շարժումները, քաղաքացիական կազմակերպությունները քաղաքագիտական այլ չափորոշիչներով են գործում, քան քաղաքական կուսակցույուններն ու խմբավորումները: Պետք չէր ամրագրել, որ իրենց քաղաքական ուժը դուրս է գաղափարախոսական որևէ ուղղությունից, որովհետև քաղաքական կուսակցություններ ու խմբավորումներ ձևավորվում են քաղաքական գաղափարախոսական հենքի վրա»:

Գրիգորյանը հիշում է՝ հայրենի քաղաքական տիրույթում էլ որոշակի նման փորձեր արվել են՝ իրենց կուսակցությունները դուրս թողնել քաղաքական գաղափարախոսությունից ու ուղղություններից, բայց դրանք հաջողություն չեն ունեցել.«Վարչապետի ընտրած գործիքակազմը բնույթով ժամանակավոր է. կա՛մ իշխող քաղաքական թիմը կգիտակցի գաղափարախոսության շուրջ համախմբվելու կարևորությունը, կա՛մ, բնականաբար, այս քաղաքական ուժը դուրս կմնա հետագա զարգացումներից»:

«Ժառանգության» ղեկավարն ընդգծում է՝ կուսակցությունը՝ որպես առանձին միավոր, տարբեր համակարգերի շուրջ տարբեր գործառույթներ է իրականացնում: Գործող իշխող ուժը՝ որպես կառավարման հիմնական միավոր, այս պահին կարճաժամկետ կտրվածքում ապահովում է իր թիմի հետագա գործունեության մոդելը, սակայն կուսակցությունը, ի վերջո, չի ստեղծվում միայն իշխող քաղաքական համակարգում գործառույթներ իրականացնելու համար:

«Ես կարծում եմ՝ քաղաքագիտական առումով սա ճանապարհ չէ: Այս մոտեցումը նաև հիշեցնում էր դեռևս նոր ժամանակների սկզբնական կայսրության կայսերապաշտական մոտեցումները, որ ամեն ինչ կառուցվում էր կայսրության քաղաքացու հիմքերի վրա, բայց, բնականաբար, որևէ մեկի մոտ կասկած չկա, որ դա սեփական կայսրության գաղափարախոսական շարունակականության մոդելն էր: Եվ սա հիմք է տալիս, որ այս քաղաքագիտական մանիպուլյացիները իշխող քաղաքական թիմի կողմից արվում են իշխող քաղաքական թիմի շահերից ելննելով. միակ մոդելը, որի շուրջ համախմբվել են այս մարդիկ, իշխանության մոդելն է»,-ամփոփում է մեր զրուցակիցը: