
Դահլիճում հնչեցին անհասցե, բայց շատ պարզ ակնարկներ Արթուր Սարգսյանի հասցեին, ինչին նա պատասխանեց ու հենց դուրս էր գալիս, հարձակում սկսվեց: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
«Դահլիճում հնչեցին անհասցե, բայց շատ պարզ ակնարկներ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի հասցեին։ Նա պատասխանեց՝ ասելով, որ «թասիբ ունի ու երբեք թասիբը գետնով չի տա», ու հենց որ դուրս էր գալիս, հարձակումը սկսվեց։ «ՔՊ-ական ոհմակը» լայնամասշտաբ գրոհ սկսեց ընդդիմադիրների վրա», - ասաց Մինասյանը։
Նրա համոզմամբ՝ իրավապահ մարմինների, մասնավորապես՝ ՊՊԾ գնդի պահվածքը ոչ միայն անհասկանալի, այլ սրբապղծության աստիճանի վտանգավոր է։
«Այս անգամ առավել ակնառու էր այսպես կոչված ՊՊԾ գնդի այլանդակ վարքագիծը։ Նրանք ոչ միայն չմիջամտեցին հարձակմանը, այլ հակառակը՝ փորձեցին զսպել ընդդիմադիրներին, որպեսզի ՔՊ-ի անբարոյականները «իրենց հայհոյանքներն ու հարվածները» հասցնեն նպատակակետին», – ընդգծեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ անգամ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք են հայտնվել ԱԺ տարածքում: «Սա արդեն նոր ոճ էր։ ՊՊԾ-ն թույլատրում է, որ ինչ-որ քաղաքացիական հագուստով անձինք ներս մտնեն ու հարձակվեն։ Սա պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչություն է՝ ընդդիմադիրներին լռեցնելու համար»,-ասաց նա։
Պատգամավորը շեշտեց, որ ՔՊ-ն Ազգային ժողովում ջարդարարների խումբ է պահում։ «Սա շնաբարո դուրսպրծուկների հավաք է։ Սա պատահական չէ․ տեսնում եք՝ ինչ լայնամասշտաբ, ամենաայլանդակ ու բարոյազուրկ հարձակումներ են իրականացվում բոլոր հնարավոր դիմադրող օջախների վրա։ Սա թուրք-ադրբեջանական, թաթար-մոնղոլական վարքագծին բնորոշ գրոհ է»,- հայտարարեց նա։
Նրա համոզմամբ՝ իշխանությունն այս քայլերով նպատակ ունի ոչ միայն ընդդիմությանը լռեցնել, այլ նաև «2026-ի ընտրություններից առաջ մաքրել քաղաքական դաշտը»։
«Սրանք այնքան պիղծ են, որ որևէ կարմիր գիծ չունեն։ Այս ամենը մի բան է ցույց տալիս՝ նրանք պատրաստ են ամենախայտառակ գործողությունների՝ միայն թե պահեն իրենց աթոռները։ Ընտրություններում ձայներ ապահովելու, ժողովրդին ճնշելու, բոլոր հնարավոր մեթոդներով իշխանությունը պահելու համար՝ կանցնեն ցանկացած սահման»,– ասաց Մինասյանը։
Նա ընդգծեց՝ չի բացառվում, որ առաջիկայում «սարքած» պատմություններով նոր բռնաճնշումներ տեղի ունենան․ «Ես չեմ էլ զարմանա, եթե կեղծ մահափորձ սարքեն։ Սրանք սրբություն չունեցող մարդկանց խմբակ է։ Ու եթե նույնիսկ մեջները նորմալ մարդիկ կան, այս պղծության մեջ իրենք էլ են այլանդակվում։
Այս ամբիոնն արդեն պղծված է, դրա համար մենք անհրաժեշտ չենք համարում այդտեղ ելույթ ունենալ։ Այս մարդկանց վարքագիծն ամեն վայրկյան ապացուցում է՝ իրենք պատրաստ են ցանկացած բռնության, միայն թե մնան աթոռներին գամված։ Բայց վստահ եմ՝ Աստծո առաջնորդությամբ մի օր էլ իրենց պատիժն է վրա հասնելու»,- ասաց նա։
Հարցին էլ՝ արդյոք «Հայաստան» խմբակցության պատգամավորներ վնասվածքներ ստացել են, Մինասյանն արձագանքեց. «Ոչինչ, դա նորմալ է, կարևորը մեր միտքը, մեր հոգին, մեր նվիրվածությունն է մեր ժողովրդին ու Արցախ աշխարհին։ Դա մեզնից ոչ ոք չի կարող վերցնել կամ խլել»։