Ովքեր խուսափել են բանակից, պետք է իրավունք չո...

Այն ընտանիքները, որոնք 90-ականներին գնացել են տարբեր երկրներ, մինչև անգամ Եվրոպա, իրավունք չունեն Հայաստան վերադառնալու, ու երբ ասում եք վիճակագրությամբ քչերն են եկել, պատճառն այն է, որ այդ ընտանիքները իրավունք չունեն այն երկիր գալ, որտեղից հեռացել են և ինչ-որ իրավունքներ են ստացել։ Նշանակում է` պետք է վիճակագրություն ուսումնասիրել և հասկանալ պատճառը ինչքանով է դրա հետ կապված։ Նույն քաղաքացիների համար նույնպես պետք է այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի նրանք Հայաստան գան, գործունեություն ծավալեն։

Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Ազգային ժողովի հերթական նիստում` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ՝  նշելով, որ խնդիրը պետք է մի քիչ ավելի լայն դիտարկել և ուսումնասիրել։

«Մյուսը՝ ինչո՞ւ ենք մենք դրամական միջոցների հետ նրանց կապում՝ 50 միլիոն, 10 միլիոն, ո՛չ, այդ քաղաքացիները մեզ պետք են, բայց նրանք պետք է Հայաստանում ինչ-որ կարգավիճակից իրավունք չունենան օգտվելու։ Ես կարծում եմ, ովքեր խուսափել են բանակից, պետք է իրավունք չունենան պետական համակարգում աշխատելու։

Միայն կապել դրամական միջոցի հետ, ես դա շատ վատ եմ համարում, բայց եթե կապում եք դրամական միջոցի հետ, ապա թող գան ՀՀ-ում գեներացնեն, այս կամ այն մասնավոր կառույցում աշխատեն կամ իրենց գործունեությունը սկսեն ու այդ գումարը ամսական վճարեն, կամ սկզբնական իքս ցածր գումար վճարեն, հետո մնացածը։

Որովհետև այս քաղաքացիները վերջին 20-15 տարում ՀՀ-ում չեն, նրանք դրսում մասնագիտական առավելություն են ձեռք բերել՝ միջազգային շուկայական միջավայրում են ձևավորվել, ինչ-որ գործունեությամբ են զբաղվել, նոր հաստոցներ են տեսել, նոր տեխնիկա և փոխհարաբերություն։ Նրանք Հայաստանի Հանրապետությանը պետք են»,- հավելել է պատգամավորը։