Այն, որ Վաշինգտոնում դրական լույսի ներքո են ա...

Օրեր առաջ Բերձորում, բավականին ագրեսիվ ու լկտի բառապաշարով, Ադրբեջանի նախագահը սպառնաց արցախցիներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Վերջինս բացի նրանից, որ պահանջեց լուծարել պետական կառավարման համակարգը և բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հրաժարականը պահանջեց, նաև սպառնաց, որ հակառակ դեպքում կանցնի կոշտ միջոցների:

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքելով Ալիևի հայտարարությանը ոչ թե անդրադարձել է արցախցիների ֆիզիկական գոյության սպառնալիքներին կամ հարցերը ուժի կիրառման միջոցով լուծելու վերաբերյալ ռիսկերին, այլ ողջունել Ալիևի պատրաստակամությունը` համաներում հայտարարելու Արցախի իշխանություններին:

Հասկանալի է, որ փաշինյանական խմբակի մտադրությունը` հանձնել Արցախն Ադրբեջանին, Արցախի հարցով գործընթացում բարդագույն վիճակ է ստեղծել, սակայն այն, որ Վաշինգտոնում անտեսում են Ադրբեջանի սաստկացող ագրեսիան ու դրական լույսի ներքո արձագանքում ադրբեջանական թաքնված շանտաժին, բացարձական անթույլատրելի է և հղի ծանր հետևանքներով: