
Նման քննարկում և նախաձեռնություն այս պահին չկա։ Ես ինքս էլ որևէ քննարկման չեմ մասնակցել, նման քննարկում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչ մասով է եկեղեցին հիմա հարկեր վճարում և գուցե նախաձեռնություն լինի, որ եկեղեցին հարկային դաշտում հայտնվի:
Հակոբյանը հիշեցրեց նաև իր ասուլիսում արված մեջբերումները. «Ես ասել եմ, որ հարկերը պետք է վճարենք, որպեսզի կարողանանք լիարժեք երջանիկ դառնալ: Վարչապետն էլ այս վերջին ելույթի ժամանակ նշեց կրթություն, առողջապահություն, ճանապարհներ, անվտանգություն, բազմաթիվ բաներ, առանց որոնց երջանկություն ունենալը անհնար է»,
Հակոբյանը չպատասխանեց այն հարցին, թե ինչպես է վերաբերում իշխանության ներկայացուցիչների կողմից եկեղեցու վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ դա ՊԵԿ նախագահին չվերաբերող հարց է. «Այն մասով, ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է որևէ խնդիր չկա։ Իմ ՊԵԿ նախագահ եղած ժամանակաշրջանում նման խնդրի չեմ առնչվել, բայց քանի որ հարցը բարձրացնում եք, ավելի մանրամասն կփորձեմ հասկանալ, եթե նման խնդիր կա։ «Մենք վարչարարություն ենք իրականացնում, եթե վարչարարության ընթացքում կնկատենք որևէ խնդիր, համապատասխան գործիքակազմով կտեղեկացնենք, կհուշենք մեր եկեղեցուն, որ այս խնդիրները կան, խնդրում ենք շտկեք։
Այն մասով, որով եկեղեցին առևտրային գործունեություն է իրականացնում, այդ մասով պարզ է, որ պետք է վճարի հարկեր։ Այն մասը, որը եկեղեցական գործունեությանն է վերաբերվում, այդ մասով հարկեր որպես այդպիսին չի վճարում»,–ասաց նա։