ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե իր ստացած «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը ինչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար:
«Ի՞նչ է տալիս Հայաստանին. ոչ միայն Հայաստանին, քանի որ ոչ միայն Հայաստանն է ստացել մրցանակը, ես, ինչպես այնտեղ առիթ եմ ունեցել իմ ելույթում նշելու՝ այն, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարները ընդունել էն այդ մրցանակը, գնացել են միջազգային հեղինակավոր լսարանի առաջ ստացել են այդ մրցանակը, դա նշանակում է՝ երկու կողմերը ևս մեկ անգամ բարձրագույն մակարդակով արձանագրում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն: Իհարկե, էլի եմ ասում, ինչպես ասել եմ 2025 թվականի օգոստոսի 8-ին իմ ուղերձում, խաղաղությունը միշտ ունի խնամքի կարիք, այսօրվա մեր խաղաղությունն էլ ունի խնամքի կարիք, և դա ՀՀ-ի տեսանելիությունը բարձրացնում է:
Մեր և Ադրբեջանի միջև խաղաղության տեսանելիությունն է բարձրացնում, մեծացնում է հետաքրքրությունը, բարելավում է ներդրումային միջավայրը և, ընդհանրապես, պոզիտիվ մթնոլորտ է ստեղծում մեր երկրի շուրջ և շատ պատվաբեր է: Շատ շնորհակալ եմ գնահատող հանձնաժողովի անդամներին, իմ երախտագիտությունը հայտնել եմ և նրանց ասել եմ, որ խնդիրն այն չէ, որ ինձ կամ Հայաստանին մրցանակի են արժանացրել, սա ուղիղ կամ անուղղակի միջազգային հանրության աջակցության դրսևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և ներդրում է այդ խաղաղության ամրապնդման գործին: Իհարկե, նաև գնահատող հանձնաժողովը շատ հարգարժան մարդիկ են՝ ներգրավված աշխարհի ամենատարբեր կողմերից, ամենատարբեր կազմակերպությունները ներկայացնող, բայց՝ բոլորը հեղինակավոր»,- ասաց վարչապետը:
«Այն, ինչ տեղի է ունեցել օգոստոսի 8-ից հետո, ամեն ինչն ապացուցում է, որ խաղաղությունը հաստատված է: Էլի եմ ասում՝ դա չի նշանակում, որ կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, բայց կոնֆլիկտը ավարտված է, ինչը կոնֆլիկտի հետ կապված խնդիրների լուծման շատ կարևոր նախադրյալ է ստեղծում: Պետք է կարողանալ այդ նախադրյալները ճիշտ օգտագործել, որովհետև երբեմն ակնհայտ թվացող գործողությունները արձագանքելու ամենաճիշտ տարբերակը չեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:



