Այն, ինչ ներկայացնում է իշխանությունն ահաբեկչ...

Այն, ինչ ներկայացնում է իշխանությունը ահաբեկչության փորձի համար, դա սուտ և կեղծիք է: Այս մասին ՔԿ դիմաց լրագրողների հետ ասաց պատգամավոր Արթուր Սարգսյանը:

Հարցին՝ Միքայել ու Բագրատ Սրբազաններն են նստած որպես ահաբեկչության փորձ կազմակերպողներ, հիմա էլ նրան կնստեցնեն, ի՞նչ է լինելու, նա ասաց. «Աջակցությունս եմ հայտնում Բագրատ Սրբազանին՝ իմ եղբորը: Շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ բախտ է տվել այս մեկ տարին իր հետ անցնելու: Ես իրենից այս ընթացքում շատ բան եմ սովորել: Բագրատ Սրբազանն իր կյանքը նվիրել է մեր հայրենիքին ու նրա փրկությանը: Այն, ինչ որ կա, սուտ և կեղծիք է, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»:

Նա նշեց, որ իրենք 24 ժամ պայքարել ու պայքարելու են՝ անհնազանդության, խաղաղ ակցիաներով իրականացնելու իշխանափոխություն:

«Այդ նույն բանը 4 տարի անում ենք փողոցում: Այն, ինչ անում ենք 4 տարի է, նույնը պլանավորել ենք անել ավելի կազմակերպված: Հիմա եթե մենք ահաբեկիչ ենք, ուրեմն 4 տարի առաջ պետք է կալանավորին: Այդ ամեն ինչը փուչիկ է: Ուզում եմ աջակցությունս նաև Միքայել Սրբազանին հայտնել և 16 կալանավորված մեր պայքարի ընկերներին և ուժ, կորով մաղթել: Այդ պայքարը սկսվել է և հասնելու է նպատակին և հաղթանակ է ունենալու»,- ասաց Սարգսյանը:

Նշենք, որ Արթուր Սարգսյանին ՔՊ խմբակցությունն արդեն զրկել է անձեռնմխելիությունից և հիմա քննարկում է կալանքի տանելու դատախազի միջնորդությունը: