Այն, ինչ անում եմ «Կրթվելը նորաձև է» շարժման...

Իմ գործունեության ցանկացած ձև ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից վարչապետի գործունեության շրջանակում: Այն, ինչ ես անում եմ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում, համարում եմ իմ՝ որպես վարչապետի գործունեության չափազանց կարևոր մաս: Այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորվում պետբյուջեից:

«Հակառակ դեպքում ես շաբաթ-կիրակիները և նույնիսկ որոշ աշխատանքային օրերի աշխատանքային ժամեր չէի տրամադրի: Դա ՀՀ քաղաքացիների հետ, մեր ժողովրդի հետ խոսակցություն է հանգիստ, դահլիճային պայմաններում: Դա ՀՀ վարչապետի գործունեության մի մաս է, և ՀՀ վարչապետի գործունեությունը չի կարող ֆինանսավորվել այլ աղբյուրից, բացի Հայաստանի պետական բյուջեից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու են «Կրթվելը նորաձև է» շարժման վրա ծախսվող գումարները գաղտնի պահվում, վարչապետը հայտնեց՝ շարժման համար հատկացվող գումարները վարչապետի գործունեության, արարողակարգային և այլ ծախսերի մեջ են մտնում, որը միշտ էլ գաղտնի եղել:

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանդիպումներին, որտեղ ես՝ ՀՀ վարչապետս, չեմ մասնակցում, դա պետական բյուջեից չի ֆինանսավորվում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց էր ուղղել՝ հետաքրքրվելով՝ արդյոք «Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է պետբյուջեի՞ հաշվին, թե՞ մասնավոր միջոցներով կամ հիմնադրամներով, ինչին ի պատասխան՝ Հարությունյանը պատասխանել էր. «Այո՛, դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկը, որն իրականացվում է աշխատակազմի միջոցներով»: