Այլընտրանք չկա, քաղաքը մի օր կանգնելու է, եթե...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձավ ավտոբուսային առանձին գծերի վերաբերյալ ֆրանսիական կողմի հետ քննարկումներին։

Նրա խոսքով՝  ուսումնասիրվել ու վերլուծվել է Երևանի ճանապարհային ցանցը, մշակվել կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ամբողջական երթուղիների ներդրման մասով։

Ըստ նրա՝ Երևանի ու Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի միջև համագործակցային ծրագրերում ֆրանսիացի գործընկերները ներկայացրել են ռիսկերի հետ կապված վերլուծություն։

«Ակնհայտ է, որ փոփոխություններն անխուսափելի են, որ նույնիսկ դրա հավելյալ հանրային քննարկման կարիք չկա։ Այստեղ ճաշակի հարց չէ, ռեֆորմի անհրաժեշտության հարց է, և մենք պետք է շարժվենք փուլային», - ասաց նա։

Վերջինս նկատեց՝ պետք է սկսել հիմնական երթուղիներից, որտեղ տրանսպորտային ամենամեծ ծանրաբեռնվածությունն է, հաջորդ փուլում կգնան շինարարական միջամտությունների՝ փողոցների առանձնացումը բետոնային կամ եզրաքարային տրամաբանությամբ, ինչպես արված է Փարիզում։ Ըստ նրա, մեքենաների աճի տենդենցը տեսնելով, ենթադրվում է՝ քաղաքը մի օր կանգնելու է, եթե ոչ մի միջամտություն չլինի. «Մեքենաների համար կյանքը բարդացնում ենք, բայց այդ կյանքն ինքնըստինքյան է բարդանում՝ անկախ գործողություններից։ Հասարակական տրանսպորտով երթևեկող մարդկանց համար կյանքն էապես հեշտանում է»։

Քաղաքապետի կարծիքով՝ այն քաղաքներ, որոնք այդ քայլերը չեն արել, ավելի վատ հետևանքների առաջ են կանգնած։