Շատ ծանրաբեռնված է Սահմանադրական դատարանը, դիմումների քանակը մեծ է, նյութը ահռելի է, շատ մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում են և դիմող կողմերը, և դատարանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 30–ին, ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Արտակի Զեյնալյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությանը։
Հարցին՝ համաձա՞յն է ՍԴ–ում ԲՀԿ–ի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի հետ, որ այս հարցի քննությանը պետք է մասնակցեին ՍԴ բոլոր դատավորները և կիսեին որոշման պատասխանատվությունը, նա պատասխանեց. «Ես կառաջնորդվեմ բացառապես Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ և դրա սահմաններում կմնամ։ Անշուշտ 7 հոգով աշխատելու դեպքում դատարանն ավելի ծանրաբեռնված կլինի»։
Ինչ վերաբերում է պնդումներին, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը քաղաքական հայտարարություններ արել՝ նշելով Ռուսաստանի կոզղմից Հայաստանի ընտրությունների վրա ազդելու մասին, Արտակ Զեյնալյանն ասաց. «Ես առցանց ուղիղ եթերում հետևում եմ ՍԴ նիստերին, կարծում եմ Սահմանադրական դատարանի նախագահը լուծեց խնդիրը։ Ընտրական գործընթացը իրավական լինելուց զատ նաև քաղաքական է կամ նույնիսկ հակառակը քաղաքական լինելուց զատ նաև իրավական է և այդպիսի պնդումներ կամ հարցապնդումներ կարող են լինել Սահմանադրական դատարանում»։
Ինչ վերաբերում է նրան, որ ՍԴ–ն դեռ քննում է ընտրությունները վիճարկող դիմումները, սակայն իշխող ուժն արդեն պաշտոններ է բաժանում, Արտակ Զեյնալյանն ասաց. «Քաղաքական կազմակերպությունները, կուսակցությունները իրենք են որոշում ինչպես վարվել։ Իրավական մարմինը ինքը իր գործառույթներն ունի և իր օրակարգն ունի։ Դա իրենց խնդիրն է, իրենց իրավունքն է»։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մեկնարկել ու դեռ շարունակվում է ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։ Վերջնաժամկետը հուլիսի 4–ն է։



