Այստեղ են ասել՝ հասա՛նք, իջեք։ Այս խոսքերով այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում իր ելույթը սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Անկախության, ինքնիշխանության, հարատևության մասին խոսում է մի քաղաքական ուժ, ում օրոք թուրքերը բուն են դրել Հայաստանի տարածքում։ 150-200 քկմ տարածքում թուրքերը բուն են դրել Հայաստանի տարածքում և Հայաստանի իշխանությունները ոչ մի բան չեն անում թուրքերին այստեղից քշելու համար:
Թուրքերը պահանջում են փոխել ՀՀ սահմանադրությունը, որովհետև այն սահմանադրական հայեցակարգում, որը դեռ կորոնավիրուսի ժամանակվանից սկսել եք մշակել, ՀՀ Անկախության հռչակագրի մասին խոսք չի եղել։ Թուրքերի պահանջով եք դա անում: Տենց բան անում են խամաճիկային պետություննները։ Դուք համառորեն հակադրվում եք, չեք ընդունում, որ կապիտուլյացիա եք ստորագրել։ Եվ կապիտուլյանտ քաղաքական ուժն այսօր խոսում է ազատությունից և ինքնիշխանությունից: Եվ կապիտուլյանտ քաղաքական ուժն այսօր խոսում է անկախությունից և ինքնիշխանությունից»,- հայտարարեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Նա նաև նշեց, որ իշխող քաղաքական ուժն արհեստական հակադրում է ազգն ու պետականությունը. «Հիմա էլ նոր բաղադրիչ առաջացավ՝ ազգ, պետություն և ժողովուրդ, բա հետո՞․ սևեր-սպիտակներ, հներ-նորեր։ Հետո հասանք մի նոր բարձունքի՝ Արարատը հակադրել Արագածի հետ, հիմա ժողովուրդը, ազգը հակադրում եք պետոթյան հետ: Հիմա էլ մասնագետներն են ցանկանում պատմությունը փոխել, այդ մասնագետներից մի քանիսի անունը տվեք»,- ասաց նա՝ նկատելով, որ այս հարցում մասնագիտական հարց չկա, այլ քաղաքական խնդիր է։



