Այդպես էլ այս խորհրդարանին չներկայացվեց 44-օր...

Երբեք էլ 44-օրյա պատերազմը շահարկման նյութ չի, այն քննարկման և շատ ծավալուն ուսումնասիրության նյութ է: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Շահարկումը իրականում իշխանության կողմից էր: Սիրելի հայրենակիցներ, տարիներ առաջ Ազգային ժողովի ձևավորման հենց առաջին օրերից հայտարարում էր քաղաքական մեծամասնությունը, որ հիմա քննիչ հանձնաժողով ենք ձևավորելու, տեսեք ինչեր ենք բացահայտելու: Երկար տևական ժամանակ այդ քննիչ հանձնաժողովը աշխատել է, որը ձևավորվել է պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի հիմքի վրա: Ընդդիմությունը ուներ վերապահումներ, որ դա հանրային վստահություն չունեցող քննիչ հանձնաժողով է լինելու: Բազմաթիվ հարցեր, հարցականներ մնալու են օդում կախված, բայց այնուամենայնիվ ըստ կանոնակարգի Ազգային ժողովում ձևավորել է քննիչ հանձնաժողով, որը նորից եմ ասում ոչ թե հրապարակային, այլ առնվազն գաղտնի ձևաչափով այն պատգամավորները, որ ունեն թույլտվություն, քննիչ հանձնաժողովի նախագահը պետք է պաշտոնապես ներկայացներ այդ զեկույցը, բայց իրավական տարբեր հիմնավորումներով այդպես էլ Ազգային ժողովին չի ներկայացվել քննիչ հանձնաժողովի զեկույցը:

Ես անձնապես շատ ուրախ կլինեի, որ ներկայացվեր առնվազն այն մասը, թեև ասում եմ բազմաթիվ հարցականներ, հարցեր կան այդ զեկույցի հետ կապված, բայց պետք է արձանագրել, որ այս խորհրդարանը՝ ավարտելով իր աշխատանքը, այդպես էլ այդ խորհրդարանին չներկայացվեց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույց։

Եթե պարոն Սիմոնյանը ասում է մի օր չէ, երկու օր չէ, բազմաթիվ օրեր ենք ծանոթացել, ով պետք է ծանոթացել է առնվազն մեր խմբակցությունից, նաև գիտեմ «Պատիվ ունեմ»-ից, բայց այդ թղթածրարը, որ կարդացել ենք, հիմա դա ի՞նչ է։ Զեկույց է համարվում այն, ինչ որ ներկայացվում է Ազգային ժողովին: Ազգային ժողով նման փաստաթուղթ չի ներկայացվել»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։