Սա հանցագործության վերաբերյալ հաղորդում է. Վա...

«Ժամանակ» օրաթերթը իր այսօրվա հրապարակումներից մեկում անդրադարձ էր կատարել Ամուլսարի ոսկու հանքԻ մոնիթորինքն իրականացնող ընկերությանը։ Հրապարակման մեջ, մասնավորապես գրված էր, որ Ամուլսարի ոսկու հան­քավայրի մոնիթորինգով զբաղվող Earth link և Advanced Resources Development (ELARD) ընկե­րության հետևում կանգնած են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, ծագումով լիբանանցի, այն­տեղ կրթություն ստացած ու աշխատած Վարագ Սիսեռյանը:

Խնդրի կապակցությամբ Politik.am-ը զրուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ։

-Պարո՛ն Սիսեռյան «Ժամանակ» օրաթերթը գրել է, որ Ամուլսարի ոսկու հան­քավայրի մոնիթորինգով զբաղվող Earth link և Advanced Resources Development ընկերության հետևում Դուք և փոխվարչապետ Տիգրան Ավինյանն եք կանգնած։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Այդ հրապարակումը հաղորդում էր հանցագործության մասին: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները՝ ՀՔԾ-ն կամ ԱԱԾ-ն պետք է զբաղվեն դրանով: Խոսքը պաշտոնատար անձանց մասին է: Պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարվի, և եթե ես հանցավոր եմ, իմ պատիժը կկրեմ: 

-Կխնդրեմ մանրամասնել՝ ինչպե՞ս է ընտրվել այս ընկերությունը: Ձեր գրասենյակը կամ Դուք անձամբ որևէ կերպ մասնակից եղե՞լ եք մոնիթորինգ իրականացնող ընկերության ընտրության գործին։

Այդ լրատվականը պետք է նախ ուսումնասիրեր՝ ինչպես է կատարվել ընկերության ընտրությունը, այդ դեպքում պարզ կդառնար, որ ես կամ Տիգրան Ավինյանը որևէ կերպ չէինք կարող կապ ունենալ ընկերության ընտրության հետ: Դրանով այլ մարմին է զբաղվել:

Վարագ Սիսեռյանը նշեց, որ այս դեպքում առաջ է գալիս ոչ թե լրատվականի կողմից զրպարտության, այլ սուտ մատնության հարցը: Ինքն էլ հստակ կասկածներ ունի, թե ով կարող էր լինել լրատվականի աղբյուրը և նման տեղեկատվություն փոխանցել: Սիսեռյանի խոսքով, քանի որ այս պահին համարում է, որ հրապարակմամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, ինքը դատի չի տա լրատվականին կամ այն անձին, ում կասկածում է, միայն իրավապահ մարմինների կողմից հնարավոր ուսումնասիրությունից հետո որոշում կկայացնի: