
«Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչն ու քաղաքային ակտիվիստը մանկապարտեզում բացահայտում են ակնհայտ կոռուպցիա, ակտիվիստին կանչում, հայհոյում, տփում, ճամփում եք, հիմա էլ մանկապարտեզների հարցով հանձնաժողով եք բացում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:
«Ախր այս մարդիկ 2018 թվին ձեր կուտը կերան, որովհետև մտածում էին՝ դուք էդ տարածքները հետ եք բերելու: Մի հատ էդ սաղ խլված, գողացված, օտարված մանկապարտեզները կալկուլյատորով հաշվեք ընդհանուր ինչքա՞ն գումար է եղել ու Տիգրան Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 միլիարդ դրամը ասեք՝ դրանից մե՞ծ է, թե՝ փոքր: Այդ 25 միլիարդը հետ բերեք, քաղաքում ամեն շենքի տակ մանկապարտեզ կկարողանանք բացել»,- ասաց նա:
Նա նշեց, որ այս նախաձեռնությամբ իշխանությունն իր իսկ գործադիր թևին, ասում է, որ դու ոչ մի բան ես: «Որովհետև եթե պետությունում կա հակակոռուպցիոն, դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ, այդ բոլորը չեն կարողացել այս յոթ տարում որևէ բան օտարել, Արմեն Գալջյանը հեսա գալիս է հանձնաժողով ու սաղ հետ բերի: Ոնց ԱԺ-ում 44 օրյա պատերազմի հանձնաժողով բացեցիք, Անդրանիկ Քոչարյանը դրեցիք գլխին, դրա համար մինչև այսօր ոչ դավաճան ունենք, ոչ մի բան չունենք, միամիտ պատերազմ ենք պարտվել, միամիտ 5000 հոգի մահացել է»,- հայտարարեց Հակոբյանը: