Աղջիկների թիվը բանակում պիտի երկրաչափական պրո...

Զինվորական ծառայության մեջ կանանց ներգրավման պրոցեսները շատ դանդաղ են գնում, hամարյա չեն գնում։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարզ է, որ բարդություններ կան, չնայած ընդհուպ պարեկային ոստիկանությունում մենք բարդություններ ունենք։ Բայց մենք պետք է արձանագրենք դա, մեր բնակչության մեծամասնությունը կանայք են։ Մենք, եթե կանանց ներուժը լիարժեք չօգտագործեցինք, դա նշանակում է մենք մեր երկրի զարգացման ճանապարհը փակում ենք, շանսից զրկում ենք, որովհետև չի կարող որ դու քո ռեսուրսի 40%-ը օգտագործես և կարողանաս այդ զարգացման հնարավորությունը ունենալ»,-ասաց նա:

Փաշինյանը պաշտպանության նախարարի Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է աղջիկների՝ բանակում ծառայության անցնելու վիճակը, ինչին Պապիկյանը պատասխանեց. «Տեմպը այնպիսին չէ, որ մենք կարողանայինք ասել, որ շատ լավ արդյունքներ ունենք, բայց այնպես էլ չի, որ շարժ չկա: Չկա զորակոչ, որ կամավոր պարտադիր ժամկետային զինծառայության համար ներկայացող աղջիկներ չլինեն։ Նվազագույնը երկու հոգի ամեն զորակոչին ունենում ենք ու հետագայում մեծամասնությունը ծառայությունը շարունակում է»:

Փաշինյանն էլ արձագանքեց. « Բայց մեզ արդեն երկրաչափական պրոգրեսիա է պետք, գոնե հասնենք 50-100-ը: Այո, կարծրատիպերի խնդիր ունենք, բայց մեզ ագրեսիվ բան է պետք, անգլերեն ասում են հեթ հանթինգ, որպեսզի գնանք այդ ուղղությամբ»։