Amlur.am-ը գրում է. ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր հայտարարեց, որ իր կյանքի ծանրագույն որոշումն է կայացրել՝ մերժում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և վայր չի դնում մանդատը։
Հովիկ Աղազարյանն իր հարցազրույցում խոստովանեց նաև՝ իրեն և որդուն առնչվող 4 քրգործ կա այս պահին հարուցված, որոնցից մեկի դեպքում ինքը որպես վկա է հանդիսանում։
Առաջին. ԱԺ-ում լսումների ժամանակ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել են Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության նկատմամբ քրեական վարույթի գործով: Այս միջադեպի առիթով նախաձեռնված է քրեական վարույթ։
Ահա հենց այս աղմկահարույց բացահայտումից հետո էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Հովիկ Աղազարյանին, որպեսզի վայր դնի մանդատը։
Երկրորդ․ Հովիկ Աղազարյանի նկատմամբ վարույթ կա հարուցված նաև կաշառք վերցնելու գործով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հովիկ Աղազարյանի դեմ հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։
Երրորդ․ Այս քրգործը ևս առնչվում է որդուն՝ Վահե Աղազարյանին, որն անցնում է ավտոներկրող ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների գործով։ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեին պաշտոնապես հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:
Չորրորդ․ Ինչպես այսօր Հովիկ Աղազարյանը բացահայտեց, իր որդուն պատկանող ավտոներկրող ընկերության՝ աճուրդով ձեռք բերված մեքենաներից մեկում թմրանյութ են հայտնաբերել։
Հովիկ Աղազարյանի խոսքով, այս քրգործի հետ կապված կրակը դեռ վառ են պահում։
Ահա այս քրգործերի պատճառով էլ Աղազարյանը մանդատը վայր չի դնում, քանի որ վախեր ունի՝ հենց մանդատը վայր դնի, իրեն կկալանավորեն: