Մենք պարբերաբար ստանում ենք ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր, ինքնակամ շինությունների օրինականացման որոշման համաձայն և ստիպված ենք լինում մերժել այդ հայտերը, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 9–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեր գլխավոր հատակագծով հիմնականում բոլոր ավտոտնակները գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա, և մենք ուղղակի հնարավորություն չունենք ինքնակամ շինություններ օրինականացնելու։ Բացի այդ, երբ մենք ստանում ենք այդ հայտերը և ստիպված մերժում ենք, մենք նաև կառավարության որոշման համաձայն պարտավոր ենք քանդել այդ շինությունները։ Այսինքն մենք այս այստեղ երկընտրանք չունենք մեծ։
Դրա փոխարեն ես առաջարկում եմ կնքել հողի վարձակալության պայմանագրեր։ Այսինքն բոլոր ավտոտնակները չեն, որ քանդման ենթակա են, եթե դուք կնքեք վարչական շրջանի հետ հողի վարձակալության պայմանագիր ձեր գործող ավտոտնակի համար, դուք այդ ավտոտնակը կկարողանաք շահագործել այս տրամաբանությամբ, և եթե դուք դիմում եք ինքնակամ շինությունը օրինականացնելու համար, մենք ստիպված ենք լինում մերժել, և մենք ստիպված ենք լինում հետագայում քանդել նաև այդ ավտոտնակները։
Խոսքը միայն այն ավտոտնակների մասին չէ, որոնք բակերում են և մենք այդտեղ խաղահրապարակ ենք սարքում։ Մենք ուղղակիորեն այլընտրանք չենք ունենում, քանի որ կառավարության որոշումը մեզ որևէ այլընտրանք թույլ չի տալիս։ Եթե համայնքային հողի վրա ինքնակամ շինությունը չի օրինականացվում, մենք ստիպված պետք է քանդենք այդ շինությունը, և դրա համար խնդրում եմ, հորդորում եմ այս ինֆորմացիային ականջալուր լինել և ավտոտնակների օգտագործումը ապահովել վարձակալության հիմունքներով։
Իրականում մեզ համար բացարձակապես առաջնահերթություն չեն այն ավտոտնակները, որոնք ոչ մի տեղ, ոչ մեկին չեն խանգարում, բայց նաև մենք ուղղակիորեն այլընտրանք չենք ունենում»,– հայտարարեց Ավինյանը։



