Որդիս զոհվել է Հադրութի մոտ, հիմա ամեն օր երեխան անընդհատ ասում է՝ պապային եմ ուզում. Ես էլ չեմ կարողանում 200 հազար դրամ վարձ տամ ու երեխեքին պահեմ, թող մեզ տնով ապահովեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի կանանցից մեկը:
«Մինչեւ տեղահանումը ապրում էինք Բերդաշենում, մի շոր հագանք, տնից դուրս եկանք: Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք: Դա ի՞նչ նշանակություն ունի, էդ ասողն ավտո չունի՞, ես էդ ավտոն կտրտեմ, տամ երեխեն ուտի՞:
Հիմա 200 հազար դրամով վարձով եմ ապրում Սարի թաղում: Ոչ մեկս չենք աշխատում, երեխեքի փողն էլ չեն տալիս, ո՞նց ապրենք: Երկու տուն եմ թողել Արցախում. Մեկը Ստեփանակերտում, մեկն էլ՝ մեր գյուղում: Մի ավտոմեքենա եմ թողել, անասուններ եմ թողել: Դատարկ հասել եմ Հայաստան: Թող մեր հարցը լուծեն:



