Պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Կոտայքի մարզում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Հրազդան քաղաքի բնակիչ 58-ամյա Մխիթար Հովսեփյանը։ Վթարի հետևանքով Մ. Հովսեփյանը, նրա ուղևորներ՝ Հրազդան քաղաքի բնակիչներ 61-ամյա Սիլվա Մարգարյանը, 59-ամյա Հասմիկ Արզումանյանը և 42-ամյա Լիլիթ Թադևոսյանը տեղում մահացել են, իսկ Հրազդան քաղաքի բնակիչ 55-ամյա Լիաննա Մարգարյանը մարմնական վանսվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Կա վարկած, որ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, հայտնվել ծառերի մեջ։
Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի՝ տեղափոխվել հիվանդանոց։



