Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է...

Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 14-ին ժամը 01։04-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում դեպի Չերեմուշկա թաղամաս գնացող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Ինչպես տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը, պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Շինարարներ թաղամաս տանող ավտոճանապարհին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է հարակից ձորում։ 

Փրկարարները պարեկային ծառայողների և քաղաքացիների օգնությամբ երկու տուժածի պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են։