Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է...

Օգոստոսի 11-ին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը Նոր Հարավային Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Թուրքիայի կողմից իրականացված՝ հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Օրերս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խումբը։

Շնորհակալություն ենք հայտնում Ավստրալիայի Լիբերալ կուսակցությանը և Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խմբին նման նախաձեռնությունների համար։ Սա քաղաքական և բարոյական կարևոր աջակցություն է Արցախի ժողովրդին և մարդասիրության ու բարեկամության օրինակելի դրսևորում։

Շնորհակալություն ենք հայտնում նաև ավստրալահայ համայնքին՝ Արցախին մշտապես աջակցելու համար։ Ավստրալահայ համայնքը մեր #Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է, որը մշտապես ներգրավված է համահայկական հարցերի լուծման և մեր ազգային շահերի պաշտպանության գործում»,- գրել է նա: