Սահմանափակումներ կլինեն անձնական մեքենաների մ...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում առկա խցանումները տնտեսական որոշակի ակտիվության հետևանք է համարում:

Այս մասին Ավինյանը հայտնեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում: 

«Մարդիկ ավելի շատ ավտոմեքենաներ են գնում։ Միայն Երևան քաղաքում վերջին մեկ տարվա ընթացքում 11 հազար նոր ավտոմեքենա է գրանցվել՝ հարակից մարզերի մեքենաների քանակը չհաշված։ Դրանք նույնպես Երևանի փողոցներով երթևեկում են»,- ասաց Ավինյանը:

Քաղաքապետը ներկայացրեց քաղաքը խցանումներից բեռնաթափելու համար առաջարկվող լուծումները, որոնք քննարկվել են Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի նիստում: 

«Հիմնական ճանապարհը, որով կարող է գնալ ճգնաժամային հանձնաժողովը, կրկին կենտրոնանում է հանրային տրանսպորտի ավտոբուսային գծերի ավելացման վրա՝ անձնական օգտագործման ավտոմեքենաների մասով որոշակի սահմանափակումներ կիրառելու եղանակով: Աշխարհը դեռ ուրիշ մեխանիզմ չի մտածել, քան հանրային տրանսպորտին հնարավորություններ տալն է և անհատական ավտոմեքենաների երթևեկությունը սահմանափակելը։ Իհարկե, նաև տեխնոլոգիական լուծումների մասով որոշակի հանձնարարականներ ենք ֆիքսել հանձնաժողովի նախորդ նիստին․ անկյունաքարային մեր խաչմերուկներում պետք է հնարավորություն ունենանք տեխնոլոգիական նոր լուծումներով լուսացույցեր ունենալու, որոնք նաև հաշվի կառնեն հոսքերը և ինքնակարգավորմամբ իրենց ռեժիմները կփոխեն»,- նշեց Երևանի քաղաքապետը: 

Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ:  Հանձնաժողովի առաջին նիստը կայացել է հոկտեմբերի 31-ին։ Այն վարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Վարչապետի հանձնարարությամբ  հավաքվել ենք  քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես՝ մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման խնդիրները քննարկելու համար: Մեր այս խմբի հիմնական նպատակը լինելու է հրատապ՝ կոնկրետ լուծումների քննարկումը: Շեշտը պետք է դրվի հանրային տրանսպորտի էլ ավելի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա: Այն, ինչը կարող ենք քննարկել և իրականացնել կարճ ժամկետում, իհարկե, հեռանկարում ունենալով նաև մեր միջնաժամկետ ռազմավարական ծրագրերը՝ «Աջափնյակ» և «Սուրմալու» մետրոյի կայարանների կառուցումը»,-հանձնաժողովի նիստի ժամանակ ունեցած ելույթում ասել է քաղաքապետը: