Ավինյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ...
Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: Հայեցակարգի մշակմանն առնչվող խնդիրներ են քննարկվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան իրավապահ համագործակցության բաժնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
Կարևորելով համակարգի ստեղծումը՝ փոխքաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում կան բազմաթիվ ոլորտներ, որոնք կանոնակարգման անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես, կարևորվել է վերահսկողական գործառույթի ու լիազորությունների ապահովումը՝ փողոցային առևտրի կանոնակարգման, չնախատեսված վայրերում աղբ թափելու, ապօրինի շինարարության, ապօրինի գովազդների տեղադրման, հասարակական տրանսպորտի ուղեգծերի ու ավտոկայանատեղիների կանոնակարգման և հասարակական կարգի պահպանության նպատակով:  
 
Բաժնի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին իր հերթին կարևորել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է աջակցելու համայնքին՝ միասնական քաղաքականություն մշակելու և արդյունավետ համակարգ ստեղծելու գործում: 
 
Կողմերը պայմանավորվել են գործողությունների փաթեթ մշակել, որը կներառի հստակ ոլորտները, վարչությունների գործառույթները, կանոնադրությունն ու, անհրաժեշտության պարագայում, նաև օրենսդրական փոփոխությունները: 
 
Հանդիպման մասին իր Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել նաև Տիգրան Ավինյանը՝ մանրամասնելով, որ քննարկումների առանցքը Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելն էր՝ որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն։