
Հայաստանի համայնքների միության վարչության նիստի ժամանակ միաձայն քվեարկությամբ վարչության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետը։ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Տիգրան Ավինյանը նշել է՝ Հայաստանի համայնքների միության վարչության նպատակն է ունենալ ինքնաբավ, զարգացող համայնքներ։
«Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից է։ Այն համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույնաբար որոշել իրենց զարգացման ուղղությունները, արձագանքել բնակիչների կարիքներին և սեփական ուժերով կերտել համայնքի ապագան։
Այս մոդելը ոչ միայն իրավական նորմ է, այլ նաև գործնական անհրաժեշտություն՝ արդիական և արդյունավետ կառավարման համար։ Համոզված ենք՝ այդ ճանապարհին պետական կառույցների և համայնքների միջև պետք է լինի գործընկերության սկզբունքը՝ փոխադարձ վստահության և պատասխանատվության հիման վրա:
Սա կարևոր հարթակ է՝ ամրապնդելու համայնքների ինքնուրույնությունն ու ֆինանսական կայունությունը, ներկայացնելու ու պաշտպանելու համայնքների շահերը, համագործակցությամբ զարգացնելու տեղական ինքնակառավարումը»,- ասել է քաղաքապետը: